ՀՀ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԻՆԱԿՈՎ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.2-93Հիմնաբառեր․-:
խոշորացված համայնքներ, եկամուտների ապակենտրոնացում, համայնքային ծախսերի օպտիմալ կառավարում, աշխատակազմ, վարչական ծախս:Ծանոթագրություն
ՀՀ խոշորացված համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը բարձրացնելու և համայնքային խնդիրների լուծման կարևոր լծակը բյուջետային եկամուտների և ծախսերի արդյունավետ գործող համակարգն է։ Հոդվածում վերլուծվում են համայնքային բյուջեի եկամտային և ծախսային կառուցվածքները և ներկայացվում են գործնական առաջարկություններ՝ խոշորացված համայնքների բյուջեների ծախսերի օպտիմալացման համար:
Հետազոտության առարկան ՀՀ վարչատարածքային բարեփոխումների ազդեցության գնահատումն է համայնքի եկամուտների ապակենտրոնացման և ծախսերի օպտիմալ կառավարման տեսանկյունից: Հետազոտության օբյեկտը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի եկամուտները և ծախսերն են: Հետազոտության նպատակն է գնահատել խոշորացման ազդեցությունը Չարենցավան համայնքի եկամուտների ապակենտրոնացման և ծախսերի օպտիմալ կառավարման մակարդակի վրա` ընդհանուր եկամուտներում սեփական եկամուտների մասնաբաժնի փոփոխության և համայնքապետարանի աշխատակազմի վրա կատարվող ծախսերի փոփոխությունների (խոշորացումից առաջ և հետո) հաշվարկի իրականացման միջոցով:
Հետազոտության հիմնական խնդիրներն են վերլուծել Չարենցավան համայնքի 2012-2022 թթ. եկամուտների ապակենտրոնացման հիմնական ցուցանիշները, դրանց բացարձակ, հարաբերական արժեքները և տալ ամփոփ գնահատական, ինչպես նաև ուսումնասիրել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի վարձատրության ֆոնդերի և հաստիքների փոփոխությունը համայնքի խոշորացման պայմաններում: Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գրեթե չեն իրականացվել որևէ համայնքի եկամուտների և ծախսերի ուսումնասիրություններ` ինչպես 2015 թվականից մեկնարկած վարչատարածքային բարեփոխումներից առաջ, այնպես էլ՝ դրանից հետո: Սույն հետազոտությամբ փորձ է արվել պարզելու իրավիճակը և նախանշելու Չարենցավան համայնքի եկամուտների ապակենտրոնացման և ծախսերի կառավարման օպտիմալացման հնարավոր ուղիները: