ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.1-69Հիմնաբառեր․-:
համացանց, սոցիալական ցանց, օգտատեր, հարցում, Զուտ խթանման գնահատական (Net Promoter Score), հաճախորդի գոհունակության գնահատական (Customer Satisfaction Score):Ծանոթագրություն
Հայաստանում վերջին տարիներին լայն տարածում է գտել սոցիալական ցանցերի օգտագործումը։ 2021 թ․ հունվարի դրությամբ ՀՀ-ում 2․02 մլն մարդ օգտվում են համացանցից (բնակչության 68․2 տոկոսը)։ ՀՀ-ում 1․8 մլն մարդ սոցիալական մեդիայի ակտիվ օգտատերեր են (բնակչության 60․7 տոկոսը)։ Պարզելու համար, թե ինչ նպատակներով, ինչ հաճախականությամբ են հայաստանցիները օգտագործում սոցիալական ցանցերը, ինչ ազդեցություն են դրանք ունենում մարդկանց կյանքի, տնտեսական որոշումների վրա, հոդվածում իրականացվել է սոցիոլոգիական հարցում՝ համացանցի օգնությամբ։ Ըստ հարցման արդյունքների՝ սոցիալական ցանցերն էական դերակատարում ունեն մարդկանց կյանքում։ Շատերն օրական մի քանի ժամ անցկացնում են սոցիալական ցանցերում՝ ընկերների հետ շփվելու, տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև աշխատանքային և այլ նպատակներով։ Օգտատերերի մեծ մասը սոցիալական ցանցերից օգտվում են հեռախոսով, ընդ որում, մեծամասնության կարծիքով, սոցցանցերը միաժամանակ և΄ օգնում, և΄ խանգարում են իրենց։ Մասնակիցների կեսն իրենց կախվածությունը սոցիալական ցանցերից համարել է միջին, իսկ 66 %-ը նշել է, որ ցանկության դեպքում կարող է ընդմիշտ դուրս գալ սոցիալական ցանցերից։ Սոցիալական ցանցերից հարցման մասնակիցների գոհունակությունը կազմել է ընդամենը 56%, իսկ զուտ խթանման գնահատականը՝ (-42)%։ Չնայած սոցիալական ցանցերի առավելություններին՝ դրանք ունեն նաև բազում բացասական կողմեր, ուստի մարդիկ միևնույն ժամանակ և΄ գոհ են, և΄ դժգոհ սոցիալական ցանցերից։ Հիմնվելով այս տվյալների վրա՝ սոցիալական ցանցերում պետք է հաշվի առնել անվտանգության կանոնները, կառավարել սեփական ժամանակը սոցցանցերում, և փորձել օգտվել դրանց միայն դրական կողմերից։